Գյումրու թանգարանները միացել էին «Թանգարանների գիշեր» ամենամյա ակցիային

11:43, 22 Մայիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  22 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքապատկան թանգարանները  մայիսի 21-ին, միանալով «Թանգարանների գիշեր» ամենամյա ակցիային, մինչև կեսգիշեր  բաց էին գյումրեցիների ու քաղաք այցելած հյուրերի համար: Այս տարի թանգարանները ներկայացան  «Թանգարանների ուժը» խորագրի ներքո:

Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանները փորձել էին յուրովի ներկայանալ հյուրերին՝ ոչ միայն իրենց թանգարանային հարստությունը ներկայացնելով, այլ նաև հետաքրքիր մշակութային ծրագրերով: Թանգարանամերձ բացօթյա տարածքներում, առցանց հարթակում եւ թանգարաններում օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներ էին նախատեսված:

«Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում որպես նորույթ «Լենինական» լուսանկարների ֆոտոշարքն էր, «Գյումրու պատմության թանգարան»-ում՝ «Տարազը՝ եվրոպական փորագրության մեջ» գրաֆիկական հավաքածուի ցուցադրությունն էր, Գյումրու համայնքային ցուցասրահում՝ «Անկախության ժամանակակիցները»․ 90-ականների հայկական գրաֆիկա, «Սթիլ» պատկերասրահում՝ «Արվեստը եւ մենք» նկարչական ցուցահանդեսը:

Ինչպես միշտ այս անգամ ևս ամենամարդշատը Վարպետաց փողոցն էր: Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում  «Վարպետն ու Եվրոպան» տեսաֆիլմի ցուցադրում էր, թեմատիկ զրույցներ, իսկ բակում ՝ «Զանան» մշակութային կենտրոնի «Ավանդատուն» հայկական տարազների ցուցադրումը: «2019 թվականից ստեղծվող հավաքածուն պարբերաբար ավելանում է: Հայաստանի տարբեր շրջանների տարազներն են, որոնք  փորձում ենք հնարավորինս կրկնօրինակել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց  «Զանան»-ի համահիմնադիր  Հասմիկ Խաչատրյանը՝ նշելով, որ թանգարանային գիշերը ևս մեկ հնարավորություն է ինչպես թանգարանների, այնպես էլ «Զանան»-ի նման կառույցների համար՝ հանրությանն իրենց աշխատանքները ներկայացնելու:

Օրվա ընթացքում մարդաշատ էին նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Մհեր Մկրտչյանի թանգարանները ու Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը:

Թեև վերջին տարիներին Գյումրու թանգարանները այցելուի պակաս չեն ունենում, սակայն Թանգարանային գիշերը ևս մեկ առիթ է կրկնապատկելու ու եռապատկելու այցելուների թիվն ու զբոսաշրջինկներին ներկայացնելու մշակութային քաղաքի հարստությունը։

Արմենուհի Մխոյան   

 

 

 


© 2009 ARMENPRESS.am