Աթենքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել

11:40, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո մայիսի 20-ին տեղի է ունեցել Փոքրասիական աղետի և 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը կոմպոզիտոր Ստեֆանոս Դեկերյանը հույն եւ հայ երաժիշտներից բաղկացած խմբով (Վասյա Զիլու, Մարիա Կանելոպուլու, Օդիսեաս Զաֆիրոպուլոս, Թեո Լազարու, Լեֆտերիս Խավուցաս, Վահան Գալստյան) համերգով ներկայացրել է հայկական ավանդական և նվագախմբային երաժշտության՝ հայկական ռիթմի և մեղեդու տարրերով, ինչպես նաև Զմյուռնիայի ավանդական, բայց նաև հույն կոմպոզիտորների ժամանակակից երգերի հավաքածու:

Հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2022 թվականի Գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում, որը կազմակերպվում է Գրահրատարակիչների ընկերակցության և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից և իրականացվում է Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am