ՀՀ ԱՍՀ նախարարությունը Արցախի կառավարությանը ներկայացրել է նախատեսվող համատեղ ծրագրերի փաթեթ

19:25, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի ընդլայնման վերաբերյալ մանրամասներ։ Անդրադարձ է կատարվել առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրի ընթացքին, ժողովրդագրական նոր հայեցակարգի մշակման աշխատանքներին, ներկայացվել նախատեսվող համատեղ ծրագրերի փաթեթ։

«Բարձր գնահատելով հայկական երկու սոցիալական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ Նարեկ Մկրտչյանն ու Արմինե Պետրոսյանը քննարկել են նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խմբերի ձևավորման և քննարկումների իրականացման շուրջ։


© 2009 ARMENPRESS.am