«Զենք. պայքար և մշակույթ» ցուցահանդեսը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին
17:41, 20 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում մայիսի 21-ին ժամը 19:30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ցուցադրվելու են արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ և այլ իրեր՝ Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից:
Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդելու է ռազմահայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՀՀ ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ավագ-լեյտենանտ Գևորգ Գևորգյանը:
© 2009 ARMENPRESS.am