Գնել Սանոսյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

17:18, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։

Կողմերը ընդգծել են չեխական ձեռնարկությունների հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Հայկական ԱԷԿ-ի համագործակցման կարևորությունը։

Նախարարը նկատել է, որ Հայաստանի և չեխական ձեռնարկությունների համագործակցությունը հատկապես արդյունավետ կլինել ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգը ժամանակակից նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու հարցերում։

Քննարկում է ծավալվել նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցի վերաբերյալ։ Չեխիայի դեսպանը բարձր է գնահատել չեխական ընկերությունների հետ Հայասատանի համագործակցելու պատրաստակամությունը։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


© 2009 ARMENPRESS.am