Կարեն Անդրեասյանը կարևորում է կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումը

14:05, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնցում արդարադատություն ունենալու համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժողովրդավարության հայկական ֆորումին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, նախարարության ամենակարևոր, ամենաարդյունավետ և ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը, ցավոք սրտի, դեռ լիարժեք պատկերացում չունի: «Մենք զբաղվում ենք դատավորների ավելացմամբ, նոր դատարանների ստեղծմամբ, նոր դատավորներին շենքային և աշխատանքային պայմաններ ապահովելով, դատավորների համար աշխատավարձերի բարձրացմամբ, բայց այս ամենը միասին բավարար չէ: Ամեն դատավոր վճիռը կայացնելիս պիտի իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որն օբյեկտիվ է: Ամեն դատավոր պիտի իմանա, որ երբ էթիկայի հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բերում են այդ կարգապահական վարույթները բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ լինելու է արդար որոշում»,- ասաց նա:
Անդրեասյանը նշեց, որ  դատական համակարգում վեթինգ կա, վեթինգը շարունակվում է, բայց վեթինգը այն վեթինգը չէ, որի մասին ի սկզբանե խոսում էին հասարակական և քաղաքական գործիչները:

«Մեծ վեթինգի համար մեզ պետք են սահմանադրական բարեփոխումներ, և այսօր սահմանադրական բարեփոխումները մեզ համար ամենակարևոր հարցերից են: Ինչպես անել վեթինգը, որպեսզի կարողանանք ունենալ ոչ հակասահմանադրական գործընթաց, մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը և ունենալ արդարադատության կոլապս»,-հավելեց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am