Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն

13:59, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝  նշելով, որ ամեն տարի ոչ պետական բուհերի մի շարք մասնագիտություններում դիմորդների զրո քանակը միշտ հաճախ է գրանցվել, սակայն այժմ ունեն նաև 9 պետական բուհեր, որոնք այս կամ այն մասնագիտություններում դիմորդ չունեն:

«Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա» ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Թատերագիտություն», «Կինոգիտություն» ուղղություններով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների ՝ շվիի, սրնգի, տավղի, ինչպես նաև ջութակի, դիրիժորական բաժիններում»,- ասաց Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանը հատուկ նշեց. երբ ասում են, օրինակ, մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդներ չկան, ի նկատի  չունեն, որ այդ առարկայով ընդհանրապես հետաքրքրվողներ չկան: Օրինակ՝ կիրառական մաթեմատիկայի և ՏՏ ոլորտի դիմորդները շատ են, բայց սրան հակառակ մաթեմատիկայի ուսուցիչներ դարձողների թիվն է զրո՝ հատկապես Շիրակի և Վանաձորի համալսարաններում:

Մասնագետը հավելեց, որ հիմնական մրցույթից հետո շատ դեպքերում այդ թափուր հաստիքները որոշ չափով համալրվում են:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա» և «Կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու:


© 2009 ARMENPRESS.am