Ճանաչողական այցով Գյումրիում է գտնվում Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդականը

13:20, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիﬕր Շկոլնիկովին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են մարզպետարանից, հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրադավարությանն առնչվող հարցերի։

«Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն իմ աշխատանքային կարևոր ուղղությունն են եղել։ Դեռ օրենսդիրում աշխատանքի ժամանակ եղել եմ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում և իմ աշխատանքի թիրախում այս բնագավառում առկա հիմնախնդիրներն էին, հիմա էլ, որպես գործադիրի ներկայացուցիչ, ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու այս ոլորտին վերաբերող հարցեր»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, խոցելի խմբերի ներկայացուցիչների հոգսերն, ինչպես նաև՝ Արցախից տեղահանվածների խնդիրներն ու հետպատերազմյան շրջանի հումանիտար ու գերեվարվածների ընտանիքների հիմնահարցերը։

Վլադիﬕր Շկոլնիկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքները՝ կարևորելով մարզային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներն ու ձեռնարկվող քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության արդյունքում համակողմանի մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը։

 


© 2009 ARMENPRESS.am