Նպատակը մեկն է` գերազանցել լավագույն արդյունքը. Գիլոյանը` Եվրոպայի առաջնությունից սպասելիքների մասին

15:32, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ ակնկալիքներ ունի Երևանում մի քանի օրից մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից:

«Այս առաջնությանը մասնակցում են այնքան երկիր, որքան մենք ակնկալում էինք: Հասկանալի պատճառներով առաջնությանը չեն մասնակցի Ռուսաստանի և Բելառուսի թիմերը, ինչպես նաև հրաժարվել է մասնակցությունից Ադրբեջանը: Թեպետ մենք բոլորի համար ապահովել ենք համապատասխան պայմաններ: Մեր աշխատանքների 95 տոկոսն արված է, թե մարզական և թե կազմակերպչական առումով»:- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը:

Խոսելով տոմսերի վաճառքից՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս հիմնականում վաճառվում են կիսաեզրափակիչի և եզրափակիչի տոմսերը: Գիլոյանն ընդգծեց. «Նպատակը մեկն է` գերազանցել մեր լավագույն արդյունքը»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդգծեց, որ մարզական տեսանկյունից մեծ սպասելիքներ կան ազգային թիմից: «Չեմ ցանկանա մեդալների թիվ նշել, սակայն փորձելու ենք գերազանցել մեր լավագույն արդյոււնքը` ասել է թե, առնվազն 2 ոսկե մեդալ»,-ասաց նա:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան 30-ին:

Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:


© 2009 ARMENPRESS.am