Կենսաթոշակները հուլիսի 1-ից կարող են ավելանալ 10 տոկոսով. Պապոյանը ներկայացրեց հետվճարման ծրագիրը  

13:38, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նախորդ նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց մի կարևոր ծրագրի մասին, որը միտված է բարձրացնել սոցիալական քաղաքականության արդյունավետությունը։ Ծրագիրը ենթադրում է մինչև 10 տոկոսի չափով զեղչի կամ հետվճարի տրամադրում կենսաթոշակառուներին, եթե նրանք իրենց գնումները կատարում են անկանխիկ եղանակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Սա ունի սոցիալական նշանակություն, միտված է կանխիկի կրճատմանը, հետևաբար նաև ստվերի կրճատմանն ու հարկերի ծավալի ավելացմանը։

Բանկերը և առևտրային կազմակերպությունները ևս պետք է մոտիվացված լինեն, քանի որ մասնակցում են այս ծրագրին և այդ ծրագրի միջոցով ստանալու են նոր բազմաթիվ հաճախորդներ՝ ի դեմս կենսաթոշակառուների, ինչպես նաև հնարավորություն են ունենալու բիզնեսին մասնակից դարձնել սոցիալական պատասխանատվության բարձրացման նոր քաղաքականությանը»,- ընդգծեց Պապոյանը։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ կանխիկի կրճատման քաղաքականության շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների,  պետությունն անցել է կենսաթոշակների ժամանակի ընթացքում անկանխիկ վճարման քաղաքականությանը։

«Ուզում եմ նշել, որ երբ մենք ներկայացնում էինք «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և նշում էինք, որ սրա շահառուն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մեր ընդդիմախոսները ոչ միայն չէին համաձայնվում, այլև բերում էին զանազան պատճառաբանություններ, թե որքան խնդիրներ է առաջացնելու այն մարդկանց համար, հատկապես՝ կենսաթոշակառուների։ Մասնավորապես, նշում էին, որ միևնույն է, մարդիկ կանխիկացնելու են իրենց կենսաթոշակը, չեն օգտվելու բանկային ծառայություններից և այլն։

Կարծում եմ՝ այս ծրագիրը ոչ միայն ցույց է տալիս, թե ինչպիսի օգուտներ մարդիկ կստանան կենսաթոշակների անկանխիկ վճարումից, այլ նաև ժամանակի ընթացքում կհամոզվենք, թե մեր կենսաթոշակառուները որքան լավ են կարողանում օգտվել անկանխիկ վճարումից և որքան հաճախ են օգտվելու անկանխիկ վճարումից»,- շեշտեց պատգամավորը։

Հաշվի առնելով ծրագրի դրական բաղադրիչը, այն է՝ ծախսված գումարի մինչև 10 տոկոսի հետվերադարձ կամ 10 տոկոսի զեղչ, Պապոյանը գրեթե վստահ է, որ կենսաթոշակառու քաղաքացիները ամբողջությամբ կօգտվեն այս շահավետ առաջարկից և այսուհետ իրենց կենսաթոշակը կծախսեն միայն ու միայն անկանխիկ եղանակով բոլոր թերահավատներին ապացուցելով, որ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող և չպետք է շրջանցի իրենց։

«Ըստ էության, այս նախագծով կարող ենք ասել, որ  սա կենսաթոշակների բարձրացման հերթական փուլն է, որը իրենից ներկայացնում է 10 տոկոսով կենսաթոշակների ավելացում և որի մեկնարկը մենք մտադրված ենք տալ այս տարվա հուլիսի 1-ից։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ արդեն հուլիսի 1-ից փաստացի կենսաթոշակները կարող են ավելանան 10 տոկոսով»,- եզրափակեց Պապոյանը։


© 2009 ARMENPRESS.am