Փաշինյանը ներքաղաքական հարցերում ապավինում է ժողովրդի կամքին. ԱԽ քարտուղարը հերքում է ՀԱՊԿ առաջնորդներից ցույցերի հարցով օգնություն խնդրելու լուրը

12:52, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա վերջին այցի շրջանակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերի, անհնազանդության ակցիաների հետ կապված:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, մասնավորապես ասաց.

«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, և բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, և ճգնաժամին լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների անհնազանդության գործողություններին՝ ԱԽ քարտուղարը շեշտեց՝ ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,-ասաց Գրիգորյանը:

 


© 2009 ARMENPRESS.am