Հայաստանի գլխավոր դատախազն այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ

10:37, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտում։ Նա ծանոթացել է ինստիտուտում գործող մասնագիտական ռեսուրսների կատարելագործման մեթոդներին, եղանակներին, կրիմինալիսատական հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին և պայմաններին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ինստիտուտի տնօրեն Ահմեդ Ալ-Սաիդ Ալ-Հանաֆին։ Հաշվի առնելով, որ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների կարևոր բաղադրիչ են հանդիսանում նաև դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման ոլորտում փորձի փոխանակումը և դատախազների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը՝ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում այդ նպատակով գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընթացակարգերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ուղղություններով համագործակցության ներուժը և այն հիմնական ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում դատախազների վերապատրաստումների, որակավորման բարձրացման, քրեական հետազոտությունների, գիտագործնական արդյունքների մասին տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ միջոցառումների շրջանակի, ընդհանուր թեմաների մշակման և հստակեցման, երկու երկրների գլխավոր դատախազների պայմանավորվածություններով նախանշված աշխատանքներն առարկայացնելու շուրջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am