Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

16:44, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԲԿԳ նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, Արայիկ Հարությունյանը  կարևորել է Բաց կառավարման գործընկերության ներդրումը Հայաստանում որոշումների ընդունման հարցում մասնակցային մեխանիզմների կայացման, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ձևավորելու ԲԿԳ ազգային նոր գործողությունների հավակնոտ ծրագիր:

Շրեյա Բասուն բարձր է գնահատել Կառավարության ջանքերը՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԲԿԳ շրջանակներում կատարած ռեֆորմների ուղղությամբ:

Միաժամանակ, կարևորվել է մասնակցային գործընթացի ընդլայնումը ԲԿԳ-ից դուրս՝ տեղական մակարդակում, Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների լավագույնս իրականացման համար:

           


© 2009 ARMENPRESS.am