Խնամատար ընտանիքները պարգեւատրվել են հավաստագրերով ու հուշամեդալներով  

15:36, 18 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը եւ գործընկեր հասարակական կազմակերպությունները  համատեղ կազմակերպել են խնամատար ընտանիքների գնահատանքի արարողություն, որի ընթացքում հավաստագրերով եւ հուշամեդալներով են պարգեւատրվել նաեւ Գեղարքունիքի մարզի խնամատար ընտանիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից, Հայաստանում խնամատար ընտանիքին ուղղված ծրագիրը, որպես փորձնական ծրագիր, առաջին անգամ ներդրվել է Գեղարքունիքի մարզում՝ 2007 թվականին։ 2007-2017 թվականներին Գեղարքունիքի մարզում հաշվառվել են 8 խնամատար ընտանիքներ, որտեղ ապրել է մինչեւ 18 տարեկան 9 երեխա, իսկ 2020-2022 թվականներին Գեղարքունիքի մարզում գրանցված են 2 խնամատար ընտանիքներ, որտեղ ապրում են 18 տարին չլրացած 7 երեխա։

Կազմակերպված միջոցառման ընթացքում հավաստագրերով եւ մեդալներով են պարգեւատրվել խնամատար ընտանիքների մի շարք ծնողներ, որոնց թվում են Գեղարքունիքի մարզի 2 խնամատար ընտանիքների ծնողները։

Հայաստանում խնամատարության ինստիտուտի ներդրման և կայացման գործում ակտիվ ներգրավվածության, ունեցած նշանակալի ավանդի, ցուցաբերած մասնագիտական պատասխանատու վերաբերմունքի համար՝ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի շնորհակալագրով խրախուսվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։

Խոսրով Խլղաթյան

 

 

 


© 2009 ARMENPRESS.am