Կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել ԱԹՍ-ի հարվածից տուժած Նորակերտին  

15:29, 18 Մայիս, 2022

 ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի համապատասխան  որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին եւ մանկապարտեզին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 միլիոն  65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի 31 բնակարանների սեփականատերերին, 130 հազար դրամը՝ Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին եւ 35 հազար դրամը՝ մանկապարտեզին։

Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի հավաստմամբ՝ բնակիչներին հասանելիք գումարներն արդեն փոխանցվել են, իսկ կազմակերպություններին հասանելիք գումարները կփոխանցվեն պայմանագրային կարգով։

Խոսրով Խլղաթյան 


© 2009 ARMENPRESS.am