Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի քայլերը վկայում են հայ մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական պետական քաղաքականության մասին

15:20, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի Պատմական արվեստների թանգարանում մայիսի 13-14-ին կայացել է «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մատենադարանի տարածած հաղորդագրությունից, գիտաժողովը կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի կողմից։

Միջազգային և հայ բանախոսներն ընդգծել են, որ 2020թ․-ի պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայ մշակութային հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։ Ադրբեջանական պետության այս հանցավոր քաղաքականության վկայությունները ներկայացվեցին փաստագրական նյութերի տեսքով՝ արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ, որոնք անհերքելի հիմք են տալիս պնդելու հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող համակարգային վանդալիզմի մասին և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում համաշխարհային մշակույթի քրիստոնեական ժառանգության։ 

Գիտաժողովը բացվել է Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի ղեկավար դոկտոր Յասմին Դում-Թրագուտի խոսքով։

Բանախոսները ներկայացրել են միջազգային իրավունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության տարբեր նախաձեռնություններ, որոնք կարող են օրինակելի լինել Արցախի պարագայում, մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերին կայացրած վճռին, համաձայն որի Ադրբեջանը պարտավորվում է հրաժարվել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունից։ Բանախոսները նաև ներկայացրել են միջազգային և հայկական նախաձեռնություններ, որոնք ծառայում են այդ ժառանգության պահպանմանն ու խնդիրների վեր հանմանը։

Որպես միջոցառման համակազմակերպիչ, «Միջազգային Կապույտ վահանի» հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգն անթաքույց քննադատական գնահատական է տվեց ադրբեջանական գործողություններին և կարևորել հայ մշակութային գործիչների, ինչպես նաև՝ բանակի ներկայացուցիչների շրջանում մշակութային ժառանգության պահպանման հմտությունների և միջազգային փորձի փոխանցումն ու կիրառումը։ Նա արձանագրել է նաև, որ ընթացքի մեջ է Հայաստանում «Կապույտ վահանի» ազգային կոմիտեի կազմավորումն ու պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կտա ռազմական գործողությունների և աղետների պայմաններում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության այդ միջազգային կառույցին գործունեություն ծավալել նաև Հայաստանում։

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգշ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Մասնակիցներին իր ողջույնի խոսքով դիմել է նաև Ավտրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։

Բանախոսների թվում էին նաև Հայաստանից ժամանած չորս մասնակից՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը, «Մշակութային ժառանգության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Անի Ավագյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը, որը ներկայացրեց Արցախի ձեռագրական ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված Մատենադարանի վերջին տարիներին իրականացրած ծրագրերը:

Վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը հանդես է եկել «Մշակութային հակամարտություն» վավերագրական ֆիլմի ներկայացմամբ և մի դրվագի ցուցադրությամբ, որտեղ ներկայացվում է Նախիջևանում իրականացված մշակութային ցեղասպանությունն ու զուգահեռներ անցկացվում ներկայում Արցախի ժառանգության վտանգված հուշարձանների կարգավիճակի հետ:

Գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել ցուցահանդես՝ ներկայացնելով Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր և տպագիր մատյաններ և ուշագրավ այլ նյութեր։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am