Քաղաքական ընդդիմության հավաքի մասնակիցը հետախուզվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար

14:38, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության հավաքների մասնակից 1987թ. ծնված Գեղամ Կարապետյան հետախուզվում է ՀՀ ոստիկանության  աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«2022 թվականի մայիսի 11-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակ, նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բացի այդ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր մասնակցի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1987թ. ծնված Գեղամ Կարապետյանն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am