Հստակեցվել են ՔԿՀ-ներում դիտորդների խմբի գործունեությանն առնչվող մի շարք կարգավորումներ և տրվել նոր լուծումներ

19:45, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ Արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում Դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու դրանով իսկ ՔԿՀ-ներում թափանցիկ և հաշվետու գործելաոճի երաշխավորումը:

Ըստ աղբյուրի՝ կարգի առնչությամբ Դիտորդների խումբը բարձրացրել էր մի շարք մտահոգություններ, որոնք, ըստ խմբի, խոչընդոտ էին հանդիսանում խմբի գործունեության արդյունավետության համար:

«Նոր կարգով հստակեցվել են Դիտորդների խմբի գործունեությանն առնչվող մի շարք կարգավորումներ և տրվել՝ նոր լուծումներ: Ի թիվս այլնի՝

Ընդլայնվել է Դիտորդների խմբի անդամ դառնալու հավակնություն ունեցող անձանց շրջանակը (Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց),

ներդրվել է փորձնակի ինստիտուտը. Փորձնակն ընդգրկվում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Այս ժամանակահատվածը թույլ կտա Դիտորդների խմբին գնահատել փորձնակի կարողությունները՝ որպես Դիտորդների խմբի պոտենցիալ անդամի թեկնածու՝ հետագայում նրան հնարավորություն տալով դառնալ անդամ,

ընդլայնվել է Դիտորդների խմբի անդամ դառնալու հավանականություն ունեցող անձանց շրջանակը,

կրճատվել են Խմբի կողմից ներկայացված հաշվետվությունների դեպքում Արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մեկնաբանությունների ժամկետները, ինչը թույլ կտա չկորցնել բարձրացվող խնդիրների ակտուալությունն ու հետամուտ լինել կարճ ժամկետում դրանց լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am