Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահին

20:48, 10 Մայիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ալան Էդուարդի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի և Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր գիտելիքները, անձնական որակները և պետական գործչի հմտությունները կնպաստեն եղբայրական Հարավային Օսիայի շարունակական զարգացմանը և անկախ պետականության ամրապնդմանը։

Հուսով եմ՝ Ձեր նախագահության օրոք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել մեր երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ալան Էդուարդի, այս բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկներում, իսկ Հարավային Օսիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 


© 2009 ARMENPRESS.am