Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա օրերին շարունակելու են փողոց փակելու ակցիաները

21:47, 6 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը շարունակում է ակցիաները, երթերն ու հանրահավաքները, Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 6-ին օրվա ընթացքում հանրապետությունում անհնազանդության ակցիաներ, երթեր են իրականացվել, մասնակիցները փակել են ճանապարհներ, փողոցներ, ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիների: Երեկոյան արդեն Ֆրանսիայի հրապարակում հարթակից ելույթ ունեցավ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ դուք ունեք մտահոգություններ, դուք կարող եք ունենալ դժգոհություններ, ասելիք: Ես հասկանում եմ դա, ես էլ, մենք բոլորս ունենք մտահոգություններ: Մենք ունենք հազար ու մի հարց, որ ինքներս մեզ տալիս ենք, մեր երկրի ճակատագրի մասին խոսելիս: Դեռ ապրիլի 17-ից, երբ մենք Արթուր Վանեցյանի հետ Ազատության հրապարակում էինք, հազարավոր քաղաքացիներ հարցնում էին՝ բա հետո ի՞նչ, բա հետո ովքեր: Այս մտահոգությունները չպետք է մեզ պարալիզացնեն, չպետք է դրդեն անգործության, որովհետև անգործության արդյունքն աղետն է»,- ասաց Հակոբյանը, հավելելով, որ խնդրի միակ լուծումը, որպեսզի քաղաքացիները գան Ֆրանսիայի հրապարակ և հայտնեն իրենց մտահոգությունները:

«Հայաստան» խմբացության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, թե ինչն են փոխելու, եթե հաջողվի իշխանափոխություն անել: «Մենք բերել էինք նախագիծ, որ բալային համակարգը վերացնենք ու վերացնելու ենք .... Օրենսդրական հիմքեր ենք դնելու, որ կալանքը լինի բացառիկ միջոց: Նաև պետք է դիտարկել, որ 2018 թվականին վերջին համաներումն է եղել, այդ հարցն էլ պետք է քննարկել: Չի կարող այսպես մնալ, Հայաստանը չի լինելու ոստիկանապետություն»,- հայտարարեց Վարդևանյանը:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա օրերի խնդիրը չորս ուղղություններով ամբողջ Կենտրոն վարչական շրջանը պարալիզացնելն է:

«Մի պահ պատկերացրեք, այդ չորս խումբը դառնում է ութ ու հետո տասներկու։ Ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը: Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է, որ միասնաբար պետք է անենք: Այսօր մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոց և փակ հրապարակ չկա»,- հայտարարեց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ իրենց գործի 60-70 տոկոսը իրականացրել են: «Մնացել է մնացած հատվածը, կազմակերպված գնում ենք առաջ»,- հավելեց Սաղաթելյանը:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ մայիսի 7-ին ժամը 12:00-ին Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթ, որին կմասնակցեն կանայք ու աղջիկները, ժամը 13:00-ին Վանաձորում տեղի կունենա հանրահավաք, ժամը 18:00-20:00-ն Ֆրանսիայի հրապարակում կկազմակերպվի մշակութային ծրագիր, իսկ 20:00-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը, որին կհաջորդի երթը:


© 2009 ARMENPRESS.am