Հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան. Փաշինյանը՝ ընդդիմադիրների կողմից դահլիճը լքելու մասին

17:18, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում հարցուպատասխանի ՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

Վերջինս Ազգային ժողով էր եկել՝  «ներկայացնելու հրապարակում հավաքված ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը»: Ի պատասխան Ռուստամյանի հարցադրման, թե արդյոք կա պատասխան այդ պահանջին, թե ոչ, Փաշինյանը սկսեց անդրադառնալ իր դեմ հնչած մեղադրանքներին:

Նախ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ վարչապետն ասաց.  «Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական և անընդունելի են մեզ համար: Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը նշեց. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ՝ ՀՀ սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց դրա համար կա պայման՝ պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի  նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում: Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը՝ կստացվի հետևյալը. ըստ էության պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական ու անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ տարիներ առաջ հենց Հայաստանի կառավարությունը, որի մաս էին կազմում նաև ՀՅԴ պատգամավորները, ընդունելով Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք, փաստորեն ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ հիմա շատ կարևոր բան է բացահայտվելու:

Արմեն Ռուստամյանը, արձագանքելով Փաշինյանին, խնդրեց հստակ խոսել Արցախյան հարցի կարգավորման գործում իր արածների մասին՝ չանդրադառնալով Հայաստանի նախկին կառավարությունների գործունեությանը: Այդուհանդերձ, երբ Փաշինյանը սկսեց պատասխանել դիտարկմանը, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները ցուցադրական լքեցին նիստերի դահլիճը:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների կողմից դահլիճը լքելուն՝ Փաշինյանն ասաց. «Ուշադրություն դարձրեք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան»:

Դրանից հետո նիստն ընդմիջվեց: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դահլիճում կարգը վերականգնելուց հետո կշարունակեն աշխատանքը:

 


© 2009 ARMENPRESS.am