Արցախի նախագահն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությունը քննարկել են կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

15:36, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվիրակությանը՝ հաստատության փոխնախագահ Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ընդգծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ներուժի արդյունավետ իրացման փոխադարձ պատրաստակամությունը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԱՀ ղեկավարությանը՝ Արցախի պետական համալսարանի նոր մասնաշենքի կառուցմանը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի ու սարքավորումների ձեռքբերմանը մեծապես աջակցելու համար:


© 2009 ARMENPRESS.am