Հայկական 43 գինեգործական ընկերություն մասնակցել է գինիների կույր համտես- մրցույթին

12:30, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում հայկական գինիների կույր համտես-մրցույթին մասնակցել են 43 հայկական գինեգործական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց գինիների 147 տեսակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համտես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ մրցույթի նպատակն է մշակել հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմներ, որոնց գործարկումը հնարավորություն կտա սահմանել որակական նոր չափանիշներ հայկական արտադրության բարձրորակ գինիների համար, իսկ որակի հաստատված չափորոշիչներին համապատասխան գինիները միջազգային ասպարեզում ներկայացնել նոր՝ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո և դարձնել երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտը։

«Ուրախ եմ, որ  մրցույթը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Այն, ըստ էության, կազմակերպվում է արտադրողների կողմից արտադրողների համար, քանի որ մրցույթի մասնակից բոլոր ընկերությունների մեկական ներկայացուցիչ ներգրավված է գնահատող հանձնաժողովի կազմում։ Այսպիսով մենք ապահովում ենք մրցույթի թափանցիկ և անաչառ արդյունքները: Համտեսի ավարտին գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում, որակի չափորոշիչներին համապատասխան գինիները կստանան ապրանքապիտակին փակցնելու «Հայաստանի գինիներ» մակնշումը»,-ասաց  հիմնադրամի  տնօրեն։

GIZ-ի կողմից իրականցվող «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի փորձագետ  Սիրվարդ Ամատունին նշեց, որ  GIZ-ը արդեն 10 տարուց ավել է, ինչ  աջակցում է գինեգործության ոլորտին: «Այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել մեր գործընկեր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ: Այս ծրագիրը «Wines of Armenia» մեծ նախագծի մի մաս է, նախագիծ, որը միտված է ամբողջ աշխարհում Հայաստանի գինիների ճանաչելիությունը բարձրացնելուն»,-ասաց փորձագետը:

Սիրվարդ Ամատունին հավելեց, որ «Հայաստանի գինիներ» կույր-համտես երկօրյա մրցույթի ընթացքում 30 հոգուց բաղկացած համտեսող-գնահատողների հանձնաժողովը կիրականացնի փակ համտես, որի ընթացքում լավագույն հայկական գինիները, որոնք կհաղթահարեն անցողիկ 85 և ավել միավորի շեմը, կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը և կներկայացվեն Եվրոպայում գործարկված www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում:

Հարթակը առաջինն է, որը ներկայացնում է հայկական ամենավորակյալ գինիները և հնարավորություն է տալիս Եվրոպայի ցանկացած կետում գտնվող գնորդներին գնում կատարել և 1-ից 3 օրում ստանալ իրենց գինին:

[gallery id= 65771]

© 2009 ARMENPRESS.am