Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

17:26, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունը առաջարկում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին և առաջարկում է տալ դրանց լուծումները։

Սարգսյանի խոսքով՝ եթե դատապարտյալը կամ կալանավորը ինքնավնասման կամ ինքնասպանության փորձ է կատարում, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության։

«Ստացվում է, որ անձը հանդիսանում է Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտող՝  դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչները և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրումները, պետք է փաստել, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական, այլ հակառակը՝ պետք է նրան ցուցաբերվի սոցիալ-հոգեբանական աջակցություն, որպեսզի ինքնավնասման և ինքնասպանության փորձերի դեպքերը կանխարգելվեն»,- ասաց Սարգսյանը։

 


© 2009 ARMENPRESS.am