Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. 10 հարց գիտնականին

10:44, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգամանքների բերումով Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում հայտնված Անի Պալոյանը բժիշկ դառնալու մանկության երազանքն իրագործեց, երբ արդեն կենսաբանական գիտությունների թեկնածու էր: Մանրէաբան բժշկի մասնագիտությամբ հասցրեց աշխատել COVID-19 համավարակի բռնկման ընթացքում: Ներկայում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող է, ընդգրկված է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրում: Եվ ամենակարևորը՝ վերջին շրջանի նրա ամենամեծ զբաղվածությունը նորածին որդու մասին հոգ տանելն է:

Ինչպե՞ս սկսվեց գիտնական դառնալու Ձեր ուղին:

Դեռ մանկուց երազում էի բժիշկ դառնալու մասին, դրա համար էլ համալսարան ընդունվելու համար պարապում էի ֆիզիկա և կենսաբանություն առարկաները: Առաջին հայտով դիմեցի Բժշկական համալսարան, բայց անվճար ընդունվեցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որտեղ էլ որոշեցի ստանալ բարձրագույն կրթությունս: Առաջին կուրսում լավ չէի սովորում, որովհետև անընդհատ մտածում էի բժիշկ դառնալու մասին, բայց երկրորդ կուրսից, երբ հասկացա, որ հայտնվել եմ այնտեղ, ուր իմ հետաքրքրությունները հնարավոր է բավարարել, սկսեցի լավ սովորել ու գերազանցիկ էի: Դեռ բակալավրիատից ուսումնասիրում էի մանրէաբանություն, մագիստրատուրայում էլ շարունակեցի այդ ուղղությամբ: Մագիստրոսական թեզիս փորձնական աշխատանքները իրականացրել եմ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի Սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում, իսկ այնուհետև սկսեցի աշխատել այդ լաբորատորիայում. սկզբում կրտսեր գիտաշխատող էի, հետո աստիճանաբար պաշտոնի բարձրացում ունեցա և ներկայում ավագ գիտաշխատող եմ: 2013 թվականին ստացա գիտությունների թեկնածուի կոչումը, բայց բժիշկ դառնալու միտքն այդպես էլ ինձ հանգիստ չէր տալիս: Թեկնածուականից հետո՝ 2014-2015 թթ., ավարտել եմ նաև Բժշկական համալսարանի օրդինատուրան՝ բժիշկ-մանրէաբան որակավորմամբ: Այս մասնագիտությունս շատ կարճ ժամանակով, բայց կարողացա օգտագործել COVID-19-ի բուռն տարածման ընթացքում, երբ ՊՇՌ թեստավորում  էի իրականացնում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:

Եղե՞լ են շրջապատում մարդիկ կամ ընտանիքի անդամները, ովքեր քաջալերել են այս ուղին ընտրելու հարցում, թե՞ դա ավելի շատ Ձեր անձնական որոշումն էր:

Ես հանգամանքների բերումով գնացի պետական համալսարան, հնարավոր է Բժշկական համալսարանում սովորեի ու լրիվ այլ կերպ դասավորվեր իմ գործունեությունը: Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ երազել գիտնական դառնալու մասին, ուղղակի այդպես ստացվել է: Եթե խոսեմ այն մարդկանց մասին, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են այս որոշման կայացմանը, ապա անպայման պետք է հիշատակեմ իմ գիտական ղեկավարի՝ Արթուր Համբարձումյանի անունը, ով կատարյալ գիտնականի կերպար է ինձ համար: Նա նաև իմ մագիստրոսական թեզի ղեկավարն է եղել։ Այդ ընթացքում ես անընդհատ իրենից ինչ-որ բան էի սովորում (հիմա էլ շարունակում եմ սովորել) և անհամբեր սպասում էի լույսը բացվելուն, որ գնայի լաբորատորիա՝ տեսնելու փորձերից ինչ արդյունքներ եմ ստացել: Նա մեր լաբորատորիայի աշխատակիցներին տալիս է ստեղծագործելու ազատություն ու երբեք իր կարծիքը չի պարտադրում, նույնիսկ եթե մենք սխալ բան ենք ասում, նա համբերատար լսում, հետո բացատրում է, թե ինչու այդպես չի կարող լինել:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան:

Բալիկիս ծնվելուց հետո, իհարկե, շատ բան է փոխվել. ես ոչ թե ստիպված եմ արթնանում, այլ սիրով, որ կարողանամ պատշաճ հոգ տանել նրա մասին: Իսկ ընդհանրապես նոր օրվա հետ նոր գիտելիք ստանալը, կատարելագործվելն ու այդ ամենից հաճույք ստանալն է, որ մոտիվացնում է արթնանալ առավոտյան:

Ինչպե՞ս կբնորոշեք գիտնականին:

Կարծում եմ՝ առաջին հերթին՝ գիտնականը պետք է լինի անշահախնդիր, որովհետև, երբ մարդն ինչ-որ աշխատանք անելիս շահ է հետապնդում, հնարավոր է դա նրան շեղի ճիշտ ուղուց: Իմ պատկերացրած գիտնականը նվիրված է իր գործին ու շատ համբերատար է, քանի որ միշտ չէ, որ սպասվելիք ու ստացված արդյունքները մեզ գոհացնում են: Ու նաև պետք է անընդհատ փորձել ստեղծագործել, փոխել այս կամ այն պարամետրերը, բայց երբեք չհրաժարվել վերջնական նպատակին հասնելուց, որքան էլ դա երկարատև գործընթաց լինի:

Կհիշե՞ք որևէ շրջադարձային պահ Ձեր կարիերայի կերտման գործում:

Երևի այն պահը, երբ ես հանդիպեցի իմ գիտական ղեկավարին: Այնպես ստացվեց, որ իմ բակալավրի ավարտական աշխատանքի ղեկավարը մահացավ, ու ես ստիպված էի նոր ղեկավար գտնել, ում հանդիպեցի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնում: Եթե նա չլիներ իմ ղեկավարը, դժվար թե ես գիտնական դառնայի, քանի որ ինչպես արդեն նշեցի նա գիտնականի օրինակելի կերպար է ինձ համար:

Ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակում:

Ուզում եմ մի դեպքի մասին պատմել, որ ինձ հետ է պատահել: Մինչ օրս այդ երևույթի պատասխանը չեմ գտնում: Մեր լաբորատորիայում մի հետազոտություն էի իրականացնում, որը նախկինում հազարավոր գիտնականների կողմից բարեհաջող անցկացվել էր: Դրա իրականացման համար կա հստակ ընթացակարգ, բայց ես ինչքան չարչարվում էի, երևի վեցից յոթ ամիս, այդ փորձն ինձ մոտ ձախողվում էր, չէի ստանում անհրաժեշտ արդյունքը: Մտածեցի, որ միակ ելքն արտասահմանյան համագործակցություն գտնելն ու դրսում այդ պրոցեսն իրականացնելն է: Երկար դեգերումներից հետո Նյուքասլի համալսարանից պրոֆեսոր Ջոնը համաձայնեց ինձ ընդունել իր լաբորատորիայում: Եվ որպեսզի ի վերջո հասկանամ, թե ինչն էր պատճառը, որ իմ փորձերը չէին ստացվում, բոլոր նյութերը, որոնք իմ լաբորատորիայում էի օգտագործում, հետս վերցրեցի ու գնացի: Հենց առաջին փորձից ստացա դրական արդյունք: Միակ բանը, որ հետս չէի տարել թորած ջուրն էր (փորձերի ընթացքում թորած ջուր ենք օգտագործում): Մտածեցի, որ հավանաբար այդ ջրի պատճառով էր, բայց հետագայում մեր լաբորատորիայի թորած ջրով բազմաթիվ նմանատիպ փորձեր իրականացրեցինք, գեներ կլոնավորեցինք, այսինքն՝ խնդիրը նաև մեր թորած ջրի մեջ չէր: Մեկ-մեկ մտածում եմ՝ գուցե ճակատագրի մատն էր խառը, որ գնամ, հայտնվեմ այնտեղ ու շատ լավ համագործակցություն կառուցեմ արտասահմանցի իմ գործընկերների հետ:

Կա՞ն գիտնականներ, ում աշխատանքը Ձեզ համար ուղենշային է, ոգեշնչում է Ձեզ:

Իհարկե, կան տարբեր գիտնականներ թե արտասահմանից, թե Հայաստանից՝ նաև մեր կենտրոնում աշխատող, բայց երևի ես կցանկանայի նշել պրոֆեսոր Անդրանիկյանին, ով Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: Ես նրա նման մոտիվացված գիտնական երևի շատ քիչ եմ հանդիպել: Ներկայում նա ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեր խումբն է ղեկավարում: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դրական լիցքեր ու մեծ ծավալի ինֆորմացիա ենք ստանում նրանից:

Կխնդրեմ կիսվեք նաև ADVANCE-ին մասնակցության Ձեր փորձառությամբ:

Գիտական խմբում ընդգրկված են տարբեր հետաքրքրությունների տեր հետազոտողներ, բայց ծրագիրը համախմբել է մեզ բոլորիս մեկ ընդհանուր նախագծի շուրջ՝ ուղղված շրջանաձև կենսատնտեսության գաղափարի իրացմանը: Մեր խումբն ուսումնասիրում է այն հնարավորությունը, որ արտադրական թափոնները վերամշակվեն ու օգտակար նյութերի տեսքով կրկին մտնեն շրջանառության մեջ: Մեր ղեկավարը շատ մեծ փորձ ունի այդ բնագավառում, ներկայում մենք աշխատում ենք պանրի, գինու և գարեջրի արտադրությունից ստացվող թափոնների վերամշակման ուղղությամբ: Սկսել ենք պանրի շիճուկի մշակումից, նպատակ ունենալով այն ծառայեցնել որպես սննդամիջավայր միկրօրգանիզմների կուլտիվացման համար: Կարող եմ ասել, որ հետաքրքիր արդյունքներ ենք ստացել: Այս պահին պատրաստում ենք հոդված, բոլորս աշխատում ենք մեր ստացած արդյունքները թղթին հանձնելու վրա: Բացի դրանից՝ մտածում ենք, որ կարելի է նաև արտոնագրի հայտ պատրաստել։ Մեր ստացած արդյունքները կարող են ներդրվել պանրի արտադրության արդյունքում ստացվող թափոնի՝ շիճուկի վերամշակման համար:

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական:

Կասեմ, որ շատ ճիշտ որոշում է կայացրել, որովհետև ոչ մի բան մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական լավ արդյունքի պարգևած էմոցիան: Պետք է երեխաներին դեռ մանկուց գիտությամբ զբաղվելու մասնակիցը դարձնել, որպեսզի շարժենք նրանց հետաքրքրությունը: Եղբորս դուստրը մեծանում է բժիշկների ընտանիքում ու, ինչպես միշտ է լինում, նա ևս ուզում է բժիշկ դառնալ: Մի օր նրան հյուրընկալեցի մեր լաբորատորիայում, տարբեր լուծույթներով փորձեր էր անում, գույներ, գազեր, պղպջակներ էր ստանում: Հետո, երբ հարցնում էինք՝ «ի՞նչ ես դառնալու», ասում էր՝ «գիտնական-բժիշկ»: Արտասահմանում լաբորատորիաներն ունեն առնվազն մեկ ապակե պատ, որը թույլ է տալիս այստեղ էքսկուրսիայի եկած դպրոցականներին հետևել փորձերի ընթացքին: Նրանց հրճվանքն այդ ամենի նկատմամբ անչափ տպավորիչ է: Կուզեի, որ նույն փորձը մեր երկրում կիրառվեր ու գիտությունը երեխաների համար գրավիչ դառնար:

Ո՞րն է որպես գիտնականի Ձեր երազանքը:  

Կարելի է ասել ոչ թե երազանք է, այլ նպատակ, որ ունենանք այնպիսի կահավորված լաբորատորիա, որը տեսել եմ մի շարք զարգացած երկրներում՝ Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլն: Ցանկանում եմ թե տեխնիկական, թե գիտական ներուժի առումով ձևավորել այնպիսի թիմ, որը համախմբված կաշխատի մեկ նպատակի շուրջ և պետությանն անհրաժեշտ պատվերները տեղում կիրականացնի: Որպես արդյունք կունենանք ֆերմենտների հավաքածու, որը կծառայի մեր Հանրապետությանը, ու այլևս կարիք չի լինի այն ներկրել արտասահմանից:

 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

 

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

 

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

 

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

 

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 


© 2009 ARMENPRESS.am