Երևանում հունիսին կկայանա Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը
20:10, 19 Ապրիլ, 2022ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն ապրիլի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էը տեղեկացնում է, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։
«Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի անդամ երկիր, շարունակելու իր նպաստը բերել կազմակերպության նպատակների և ծրագրերի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև համագործակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի՝ հունիսի 1-3-ը Երևանում կայանալիք 67-րդ նիստի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
© 2009 ARMENPRESS.am