Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

18:33, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության հարցերի, ինչպես նաև ռազմավարական նպատակների համատեղ իրականացմանը:


© 2009 ARMENPRESS.am