Որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար. Աղաջանյան
11:46, 15 Ապրիլ, 2022ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարցի որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանական ճեպազրույցում:
Պատգամավորը, նախ անդրադառնալով Արցախի ԱԺ-ի նախորդ օրն արած հայտարարությանը, վստահեցրեց. «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»:
Հայտարարության առնչությամբ պատգամավորը նշում է՝ կարող է ընդամենը ենթադրել, որ Արցախի գործընկերները լավ չեն հասկացել ՀՀ վարչապետի ելույթի բովանդակությունը՝ կրկին շեշտելով, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել, ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը:
«ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել, եղել է արցախցիների, արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու, այսինքն՝ իրավունքի իրացման խնդիր: Հետևաբար, մեզ համար, ըստ էության, կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար: ՀՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հարցին՝ Աղաջանյանը պարզաբանեց. «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի ՀՀ-ի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական: Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, և այդ թվում պայմանավորված դրանով, ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, դրա պայմաններում, որի հետևանքները, կարծում եմ, բոլորս տեսնում ենք հընթացս, նաև տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Կարծում եմ՝ ժամանակն է հետևություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»:
Ըստ նրա՝այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի, նույն գծի վրա լինելն այս հարցում: Պատգամավորը սա չափազանց կարևոր պայման համարեց, որպեսզի հարցը լուծվի առավել բարենպաստ ձևով:
© 2009 ARMENPRESS.am