Շուրջ 60 դպրոցահասակ երեխա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կազմակերպած գարնանային ճամբարի մասնակից դարձավ

17:00, 4 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից մեկնարկած ճամբարին գարնանային արձակուրդների ընթացքում մասնակցել է շուրջ 60 երեխա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են գրադարանից, նշելով, որ հայ և օտարազգի (ռուսախոս) երեխաների համար մշակված կրթամշակութային ծրագիրը հագեցած է եղել ճանաչողական, ինտելեկտուալ ու նկարազարդման դասընթացներով: Դպրոցահասակները դիտել են մուլտֆիլմեր, ինտերակտիիվ հեքիաթների մասնակից դարձել: Մասնակցել են գրադարանի թատերական ստուդիայի պարապմուքներին, ինչը հնարավորություն է ընձեռել փոքրիկներին բեմ բարձրանալ և դրսևորել դերասանական տաղանդը թատերական ներկայացումների ընթացքում:

Խմբային դասընթացները երեխաներին հաղորդակցման մեջ ազատ լինելու ու ինքնարտահայտման, կաշկանդվածությունից ազատվելու հնարավորություն է տվել: Բանավոր խոսքի զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանն են նպաստել նաև բարձրաձայն ընթերցումները:

Ռուսախոս երեխաների ծրագրի կարևոր բաղադրիչն է եղել հայոց լեզվի տարրական գիտելիքների փոխանցումն ու հայ գրականության հետ ծանոթացումը:

Ճամբարի ընթացքում երեխաները նաև այցելել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գործող Պավլոս Բորոյանի անվան տիկնիկների թանգարան:

Գարնանային ճամբարը շարունակում է երեխաների ընդունելությունը՝ կրթամշակութային ծրագրերի մասնակիցը դարձնելու, իսկ օտարազգի երեխաներին՝ նաև Հայաստանում հեշտությամբ ինտեգրվելուն օգնելու նպատակով: 

 

 


© 2009 ARMENPRESS.am