Իմ ավագ ընկեր, իմ սիրելի ընկեր, գալիս եմ գլուխ խոնարհելու Ձեր առաջ

09:15, 31 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անողորմ է ժամանակը, անհոգի ու անբարեգութ, երբ ծանր փոշու շղարշի տակ է առնում անուններ, որոնք փայլել են ժամանակին, խորհրդանշել ազնվություն, պայքար ու ազատատենչ ոգի: Այդ մոռացյալների թվում է բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը, ում մասին ժամանակակիցները խոսել են պատկառանքով: Ասվածի վկայությունն է մեր գրականության հսկաներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի նամակը՝ հասցեագրված ծով տառապանքներում կյանքը մաշեցրած իր ավագ գրչընկերոջը: Ոչինչ, որ փոքր-ինչ երկար է, բայց պատեհ է առիթը այն ներկայացնելու. «1910, ապրիլի 20, Ղազարապատ. սիրելի ընկեր Ալեքսանդր Ծատուրյան. սրտի խորին ուրախությամբ իմացա, որ տոնվելու է Ձեր 25-ամյա գրական հոբելյանը: Ես ուրախ եմ ոչ թե այն պատճառով, որ գիտակից հասարակությունը գալիս է գնահատելու եւ երախտահատույց լինելու, այլ այն պատճառով, որ Դուք 25 տարվա մարտիրոսական, դժվարին ճանապարհ եք կտրել-անցել, եւ Ձեր անունի վրա ստվեր չկա, եւ պայծառ հայացքով կարող եք եւ ուժ ունիք առաջ քայլելու: Ոչ ոք չի կարող այնպես խորագին զգալ այն հայտնի եւ անհայտ տանջանքները, որ Դուք ապրել եք 25 տարվա մեջ, բայց եթե միայն Ձեր գրչի ընկերները, հայկական վայրենի հասարակության մեջ այդ մի պրոմեթեական դարավոր տառապանք է, մի իսկական հերոսություն, որ ընկած է Ձեր եւ Ձեր ընկերների զգայուն ուսերին: Եվ այսօր ես՝ Ձեր կրտսեր եղբայրը, գալիս եմ գլուխ խոնարհելու Ձեր առաջ, եւ ոչ միայն նրա առաջ, ինչ որ Դուք արել եք եւ ստեղծել, այլ այն մեծության առաջ, որ չարտահայտվեց եւ չասվեց, որը կար Ձեր հոգում, եւ որը խեղդվեց մեր անհրապույր միջավայրում:

Իմ ավագ ընկեր, իմ սիրելի ընկեր, եւ Դուք մի հավատացեք այն ծափերին եւ ճառերին, որոնք վաղը որոտալու են ի պատիվ Ձեզ. իմ խորին համոզմունքով հայ գրական խոսքը միշտ արհամարհված է, եւ հայ ստեղծագործ միտքը՝ միշտ ծաղրված հենց այդ մարդկանց կողմից, որոնք վաղը կուշտ որկորով պիտի շրջապատեն Ձեզ՝ մյուս օրը Ձեզ նորից արհամարհելու եւ ծաղրելու համար: Դուք մի հավատացեք մեր անգրագետ ինտելիգենցիային, մեր այլասերված ուսանողությանը եւ մեր գիշակեր բուրժուազիային. նրանք, որոնք օվսաննա են տալու Ձեզ, հավատացնում եմ Ձեզ, որ չեն էլ կարդացել Ձեր ստեղծագործությունները: Դուք հավատացեք Ձեր ապագային՝ ոչ այն շաբլոնական ապագային, այն մեծ գաղափարին, թե ամեն ինչ կանցնի, կմնա ոգին միայն ստեղծագործության, կմնա մայրենի խոսքը միայն, որի մեջ կապրի Ձեր շունչը, Ձեր ստեղծագործական վեհ տառապանքը, Ձեր իսկական սերը: Ուրիշ ոչինչ չունիմ Ձեզ ասելու եւ շնորհավորելու. ցանկանում եմ Ձեզ ուժ եւ կորով եւ վեհանձնություն առաջ գնալու՝ բարձր պահելով հայ գրողի պատիվը, որը իսկապես հայ ժողովրդի պատիվն է: Ընդունեցեք ջերմ եւ սրտանց համբույրներս, իմ թանկագին ընկեր: Մնամ Ձեր կրտսեր եղբայր՝ Ավետիք Իսահակյան»:

Ուզում եմ հավատալ, որ Վարպետի այս նամակը ոչ միայն իր ավագ գրչեղբոր գրական վաստակն է նժարում, այլեւ վրձնում բարոյահոգեբանական այն ծանր ու գաղջ մթնոլորտը, որում գոյատեւում ու ստեղծագործում էր հայ մտավորականությունն առհասարակ: Զաքաթալայում ծնված ապագա բանաստեղծը դեռ էն գլխից էր ոտք դնելու մաքառումների ճանապարհին. պատանեհասակ տարիքում մեկնելու էր Թիֆլիս՝ հանրահայտ Ներսիսյան դպրոցում ուսանելու, բայց երազանքը մնում է անկատար: Ստիպված էր բանվորություն անել խճուղու շինարարությունում, աշխատելու որպես «դուքանի աշկերտ» ու գործակատար: Հետո փորձելու էր ընդունվել արհեստագործական դպրոց՝ փականագործի մասնագիտությամբ, սակայն դրան էլ հիվանդությունը թույլ չի տալիս: Հաջողություն չի ունենում նաեւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի ուսանող դառնալու փորձը: Ուսման ծարավի երիտասարդը կրկին վերադառնում է վրաց մայրաքաղաք, սկսում աշխատակցել «Աղբյուր» հանդեսին: Որոշ ժամանակ անց ուսուցչություն է անում Նիժնի Նովգորոդի եւ Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայում բանկային եւ առեւտրական գրասենյակներում, աշխատակցում Մոսկվայում հրատարակվող «Հանդես գրական եւ պատմական» ամսագրին, թիֆլիսյան «Մուրճին»՝ նախընտրելով ծածկանուններ՝ Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան…

Ալեքսանդր Ծատուրյանի առաջին եւ երկրորդ ժողովածուները լույս են տեսել Մոսկվայում: Դրանցում բանաստեղծն արտացոլում է կյանքի խորթ զավակների վիշտն ու տառապանքը, ձաղկում բուրժուական անմարդկային բարքերը, դարաշրջանի արատները: Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին՝ «Տո՛ւր ձեռքդ, ընկե՛ր», «Ու՞ր ես, հայ բլբուլ», «Դարեր եկան», «Զինվորի երգը», այլ գործեր: Իսկ աշխատանքային երգերում ռեալիստական խիտ գույներով է պատկերում դառը քրտինքով իր ապրուստը հոգացող շինականի կյանքը՝ «Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սեւ ամպեր», «Գիր»: Բոլորը չթվարկենք: Նրա պոեզիային հատուկ են հումանիզմն ու ազատասիրական գաղափարները: Բանաստեղծը, որ տեսել էր «աշխատանքի եւ ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» պայքարը՝ իր սիրային քնարերգության մեջ հակադրվում է բուրժուական աշխարհում տիրապետող բարոյաէթիկական ըմբռնումներին, բարձրաձայնում անհատի ազատության ու երջանկության անկապտելի երազանքն ու իրավունքը: Նրա բնության երգերն առավելապես սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են: Այս բնույթի գործերրից առանձնանում է «Ղրիմի ալբոմից» շարքը:

Սուր է Ծատուրյանի գրիչը երգիծանքի ժանրում. «Գրչի հանաքներ» ժողովածուն՝ Վարդգես Սուրենյանցի նկարչական ձեւավորումներով, վկայությունն է ասվածի՝ «Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»…: Նա հայտնի է նաեւ որպես թարգմանիչ՝ Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Նիկիտին, ռուս այլ դասականներ: Իսկ իր ստեղծագործությունները ռուս ընթերցողին են ներկայացրել Բրյուսովը, Բալմոնտը, Պոլոնսկին, ուրիշ բանաստեղծներ:

Նոր ժամանակներում մոռացված բանաստեղծի մի քանի չափածո գործեր թեւավորվել են՝ վերածվելով սիրված երգերի՝ «Այ վարդ», «Մի լար, բլբուլ», «Արի, ընկեր», «Վերջին անգամ» ու այլն: Դրանցից լավագույնը՝ «Նավավարը», այսօր էլ հնչում է որպես ժողովրդական սիրված երգ՝ տանելով հեղինակի անունը գալիք ժամանակներին…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am