Վիտալի Բալասանյանին նախագահի կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն վերապահող իրավական ակտ չի ընդունվել. Արցախի ԱԽ

18:14, 24 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն՝ ի հերքումն ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այն հաղորդագրության, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,- նշված է ԱԽ տարածած հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am