Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար

14:43, 24 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից սոցիալական աջակցության համար դիմումներ չեն ստացվել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ցանկացած տեսակի հարց, որ կարող է քաղաքացիների կողմից բարձրացվել, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով: Կարող եմ ասել, որ այսօրվա տվյալներով չունենք դիմումներ, հասցեագրված միասնական սոցիալական ծառայությանը կամ նախարարությանը Հայաստան ժամանած ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից: Հետևաբար, այս ուղղությամբ որևէ սոցիալական ծրագրի հարց նախարարությունում չի քննարկվում»,-ասաց նախարար Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ միայն մեկ կամ երկու դեպք է եղել, երբ Ուկրաինայի հայ քաղաքացիները, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել են կենսաթոշակի հետ կապված հարցերով:

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին (խմբ. ռուս-ուկրաինական զարգացումներ), սոցիալական ծրագրերի պահանջ լինելու դեպքում, անպայման քննարկման թեմա կդարձնենք»,-ասաց նախարարը:  


© 2009 ARMENPRESS.am