Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջեւ ստորագրվեց հուշագիր

18:27, 22 Մարտ, 2022

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի  եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  այն ստորագրեցին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Հուշագրի շրջանակներում  ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը պատրաստակամություն է հայտնում՝ իր ուսանողներին առաջարկել պրակտիկ թեմաներ՝ Գեղարքունիքի մարզում հետազոտություններ իրականացնելու համար, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը իր պատրաստակամությունն է հայտնում՝ գործուն եւ առարկայական աջակցություն ցուցաբերել այդ հետազոտությունների անցկացման ընթացքում:

Կողմերը պարտավորություն են կրում  նաեւ ներդրումային, նորարարական, անվանական կրթաթոշակների, դրամաշնորհային ծրագրերի հա­մա­տե­ղ իրականացման շուրջ։ Հուշագիրը  կողմերի համար չի առաջացնում ֆինանսական պարտավորություններ:

 Դավիթ Խիթարյանը ներկայացրեց բուհի հնարավորությունները եւ երեք կարեւոր ուղղություններ, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել   ավարտական դասարանների սաների շրջանում` նշված  բուհում ուսումը շարունակելու  հարցում: Դրանք վերաբերում են մարզական լրագրության ֆակուլտետում ընդունելության քննությունների անցկացման կարգին, դպրոցների համար բարձր որակավորում ունեցող  ֆիզկուլտուրայի ուսուցիչների եւ ֆիթնես -մարզիչների  պատրաստմանը:  Ռեկտորը խոսեց նաեւ բուհում սահմանված  ուսման վարձավճարների, պետպատվերից օգտվելու հնարավորությունների, ուսումնական թոշակների եւ  ուսանողին տրվող այլ արտոնությունների մասին:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր պատրաստակամությունը հայտնեց հուշագրի  շրջանակներում ծավալվող աշխատանքների իրականացմանն աջակցելու հարցում և հույս հայտնեց, որ  համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ապահովել տեսանելի արդյունքներ:

Ըստ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ հիմնադրամի դասախոսներից ձևավորված աշխատանքային խումբը առաջիկայում կայցելի  մարզի դպրոցներ եւ հանդիպումներ կունենա դպրոցականների հետ: Այս եւ հուշագրից բխող այլ դրույթների իրականացման աշխատանքներում  կներգրավվի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:

 «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ, հիմնադրամի շրջանավարտ Կարեն Սարգսյանն արժանացել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի առաջին ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան հոբելյանական մեդալի, որը  մարզպետ շնորհեց  հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Խոսրով Խլղաթյան

     

 

 


© 2009 ARMENPRESS.am