«ԱրմՀայԹեք 2022»-ին ստարտափները ուշադրության կենտրոնում են լինելու․ ԲՏԱ փոխնախարար

17:28, 16 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը շեշտեց՝ ցուցահանդեսին հայկական ստարտափները առաջնահերթություն են ունենալու։

Նա ընդգծեց, որ ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու  և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերությունները:  

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: 

«Ցուցահանդեսում ներկայացվելու են ոլորտի հետ առնչություն ունեցող տարբեր բնույթի արտադրանքներ և ծառայություններ, ներառյալ՝ պաշտպանական, բիոտեխնոլոգիական, առողջապահական տեխնոլոգիաներ և այլն»,- ասաց Դավիթ Սահակյանը։ 

Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։

Փոխնախարարը վստահեցրեց՝ ցուցահանդեսում մեծ տեղ է տրվելու հայկական ստարտափներին։ Դրանցից որոշներն արդեն իսկ հաջողակ ընկերություններ են, որոնք աշխատում են գլոբալ շուկաներում։ Նպատակ կա նրանց արտադրանքը Հայաստանում ևս ճանաչելի դարձնել։

«Ցուցահանդեսի կազմակերպման և իրականացման տեխնոլոգիական ուղեկցումը լինելու է բացառապես հայակական ՏՏ ընկերությունների լուծումներով։ Եթե առաջ մենք ցուցահանդեսի ժամանակ գրանցումն իրականացնում էինք օտարերկրյա լուծումներով, ապա հիմա մենք ամբողջը իրականացնելու ենք մեր հայկական ծրագրով։ Օգտագործելու ենք նաև հայկական այնպիսի ծառայություն, որը հնարավորություն է տալու մեզ ունենալ ցուցահանդեսի 3D մոդելը։ Եթե մեր հայրենակիցները հնարավորություն չունեն այցելելու ցուցահանդես, նրանք կարող են վիրտուալ իրականությունում շրջել տարածքում և հասկանալ, թե ինչ ցուցադրություններ ունենք այնտեղ։ Սա Հայաստանում առաջին ցուցահանդեսն է, որում նման տեխնոլոգիաներ են ներգրաված լինելու»,- նշեց Սահակյանը։

Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ,  պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի  ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով։

Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։

Կարինե Տերտերյան 


© 2009 ARMENPRESS.am