Նախատեսվում է նոր վերահսկող սարքերով լցակայաններում բացառել թերլիցքավորումները. քննարկում՝ ԱԺ հանձնաժողովում

13:21, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է նոր տեղադրվելիք սարքերով վերահսկել բենզալցակայանների, գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակները, որպեսզի տնտեսավարողը չկարողանա միջամտել  աշխատանքին և թերլիցքավորումներ անել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային քննարկում էր կազմակերպել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ օրենքի նախագիծն արդեն մեկ անգամ հետ են ուղարկել, այդ քննարկմամբ ցանկանում են շատ լսել թե նախաձեռնողներին, թե տնտեսավարողներին:

Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ, հաշվի առնելով նախարարություն պարբերաբար ստացվող բողոքները՝ թերլցումների վերաբերյալ, հնարավոր իրավական լուծում են առաջարկել: «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա վառելիքաբաշխիչ աշտարակների համար սահմանել ենք պահանջ՝ կարգաբերման ռեժիմի ռեգիստրով միանշանակ կահավորված լինելու մասով»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ նախատեսվել է նաև համապատասխան վարչական պատասխանատվություն:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը պարզաբանեց՝ առաջարկվում է, որ բոլոր գազալցակայաններում և բենզալցակայաններում աշտարակների վրա տեղադրվեն սարքեր, որոնք կվերահսկեն լիցքավորման չափը, այլ պարամետրերը, որոնք անհրաժեշտ են լինելու՝ հասկանալու, թե տնտեսավարողը սպառողին փորձո՞ւմ է գցել մոլորության մեջ, թե՞ ոչ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն էլ ընդգծեց, որ դա չի վերաբերում չափը, քանակը վերահսկելուն: «Խոսքը նրա մասին է, որ շատ ժամանակ տնտեսավարողները հնարավորություն են ունենում միջամտել վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետևանքով լինում են թերլիցքավորումներ: Այս սարքի օգնությամբ մենք տեսնելու ենք՝ կա՞ միջամտություն, թե՞ ոչ: Եթե տեսնենք, որ կա, համապատասխան ընթացակարգով բացվելու է ստուգում, և տեսչական մարմնի աշխատակիցներն արդեն ստուգում են իրականացնելու տվյալ տնտեսավարողի մոտ»,-ասաց Կոտոլյանը:

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանն էլ հավելեց, որ այդ սարքերը նախատեսված են լինելու վառելիքաբաշխիչ աշտարակները  վերահսկելու համար:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգելու որոշումը կապված է եղել գնի հետ, որ տնտեսավարողների վրա հավելյալ բեռ է առաջանում: Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, նրա խոսքով, հայտնել էր, որ այդ սարքն արժի մոտ 600 հազար դրամ: «Այսինքն մեկ աշտարակի համար այդքան լրացուցիչ ծախս էր առաջանալու: Ինչը ենթադրում է, որ եթե մեկ գազալցակայանն ունի մի քանի աշտարակ, ապա լրացուցիչ մի քանի միլիոն դրամի բեռ է առաջանալու»,-ասաց Թունյանն ու հարցրեց, թե արդյոք գնի մասով կոնկրետություն մտե՞լ է:

Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ արտադրողի հետ քննարկումների համաձայն՝ արժեքը բավականին մեծ՝ 1 մլն-1 մլն 200 հազար դրամ է ստացվում: Կոտոլյանն էլ հավելեց, որ միգուցե արտադրողին այլ կերպ են ներկայացրել պահանջները: Հայկական մեկ այլ արտադրողի հետ հանդիպմանը առաջարկը եղել է մինչև 150 հազար դրամ:

Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միգուցե նման սարքերը սկզբում կիրառելի լինեն ոչ բարեխիղճ տնտեսավարողների մոտ, հետո որոշվի հետագա քայլերը: «Ի վերջո այս ֆինանսական բեռն ընկնելու է սպառողի վրա: Այս անկայուն գների, գնաճի պարագայում պետք է շատ զգույշ ու բալանսավորված տնտեսական քաղաքականություն վարենք այսօր Հայաստանում»,-ասաց Հակոբյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am