Ռուսաստանը զրկվել Է վոլեյբոլի տղամարդկանց առաջնություն անցկացնելու իրավունքից

15:51, 1 Մարտ, 2022

 ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան որոշում Է ընդունել 2022 թվականին պլանավորված աշխարհի առաջնությունը Ռուսաստանից տեղափոխելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ մասին հաղորդվում Է ֆեդերացիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է նրա կայքում: «2022 թվականի վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը Ռուսաստանից կտեղափոխվի: Նոր ընդունող երկրները կհայտարարվեն ավելի ուշ»,-ասվում Է հայտարարության տեքստում:

«Ֆեդերացիան եկել Է այն եզրակացության, որ աշխարհի առաջնության նախապատրաստումն ու անցկացումը Ռուսաստանում հնարավոր չի լինի Ուկրաինայում պատերազմի պատճառով: Համապատասխանաբար, որոշում Է ընդունվել Ռուսաստանին հեռացնել վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության կազմակերպությունից, որը պլանավորվում Է անցկացնել 2022 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին:

Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան եւ «Վոլեյբոլ-2022»-ի կազմկոմիտեն տեղեկացվել են համապատասխան ձեւով»,-ընդգծվում Է հայտարարության մեջ: FIVB 2022 վոլեյբոլի աշխարհի առաջնությունը պետք Է անցկացվեր 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ Ռուսաստանի տասը քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Յարոսլավլում, Կազանում, Եկատերինբուրգում, Ուֆայում, Նովոսիբիրսկում, Կեմերովոյում, Կրասնոյարսկում:

Առաջնության մասնակիցներն են՝ Վոլեյբոլի համառուսաստանյան ֆեդերացիայի թիմը, Լեհաստանը, Թունիսը, Կամերունը, Իտալիան, Սլովենիան, Բրազիլիան, Արգենտինան, Պուերտո-Ռիկոն, Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Սերբիան, Կուբան, Նիդեռլանդները, Գերմանիան, Մեքսիկան, Թուրքիան, Եգիպտոսը, Քատարը, Բուլղարիան, Չինաստանը, Ճապոնիան, Իրանը: Մրցախաղի ձեւաչափը նախատեսել Է երկու խմբային փուլ եւ Վեցի եզրափակիչ Մոսկվայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am