Գիրքն օգնում է կտրվել աշխատանքային ծանրաբեռնվածությունից. ինչ է կարդում նախարար Սանոսյանը

09:42, 18 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի հասցնում բավարար ժամանակ տրամադրել գրքին ու ընթերցանությանը: Այս փուլում նրա ընթերցանության առօրյայում տեղ են գտել պաշտոնական թղթերն ու գրագրությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Սանոսյանը խոսել է իր գրական նախասիրությունների, ժամանակակից գրողների ու ժամանակակից ստեղծագործությունների մասին:

-Պարոն Սանոսյան, ի՞նչ տեղ ունի գիրքն ու ընթերցանությունը Ձեր առօրյայում:

-Գիրքն ու ընթերցանությունը յուրաքանչյուրի կյանքում պետք է մեծ տեղ ունենա։ Ես միշտ սիրել եմ ընթերցել։ Դպրոցական վաղ տարիքից սկսած շատ եմ կարդացել։  Ցավոք, աշխատանքի բերումով գիրքն ու ընթերցանությունն իր  տեղը զիջում է պաշտոնական թղթերի, գրագրության ընթերցմանը։ Այսինքն` հիմա էլ եմ շատ կարդում, բայց արդեն  պաշտոնական թղթեր, գրություններ, որոշումներ։

-Հաշվի առնելով Ձեր զբաղվածությունը՝ այդուհանդերձ հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել ընթերցանությանը: Եթե այո, ապա վերջին շրջանում ի՞նչ գիրք կամ գրքեր եք կարդացել:

- Այո, ցավոք, ընթերցանության համար աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով շատ քիչ ժամանակ է մնում։ Բայց եթե անգամ մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, նախընտրում եմ հենց գիրք կարդալ։ Ես գիրք կարդալով նաև հանգստանում եմ աշխատանքային ծանրաբեռնված առօրյայից։ Նախընտրում եմ ժամանակակից հայ գրականություն։ Մենք հիմա հրաշալի գրողներ ունենք, հրաշալի գործեր են հրատարակվում, բայց հենց այս պահին ընթերցում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»։

-Կա՞ արդյոք գիրք, որ բոլոր ժամանակներում Ձեզ համար առանձնահատուկ է ու Դուք պարբերաբար վերընթերցում եք:

-Վեպեր վերընթերցել չեմ սիրում։ Սովորաբար վերընթերցելուց բոլորովին այլ տպավորություններ են մնում, իսկ ես նախընտրում եմ հենց առաջինը ստացած տպավորությունը, զգացողությունը։ Վերընթերցում եմ հիմնականում հայ պոեզիա՝ Համո Սահյան, Սևակ, Չարենց, Տերյան։ Շատ եմ սիրում Վիլյամ Սարոյան։ Հաճախ եմ վերընթերցում Սարոյանի պատմվածքները։ Որպես առանձնահատուկ գործ երևի կառանձնացնեմ ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»։ Այս նովելը թռիչքի, երազանքների հետևից գնալու, իրականության հետ չհամակերպվելու, սովորական չլինելու մասին է։ Այն միշտ արդիական է ինձ համար։

-Ի՞նչ գրքեր խուրհուրդ կտաք կարդալ և ինչո՞ւ:

-Նախ խորհուրդ կտամ շատ կարդալ, կապ չունի ինչ հեղինակ, հայ, թե արտասահմանյան գրականություն, բայց շատ կարդալ։ Կարդացեք Սարոյան, Խեչոյան, առհասարակ կարդացեք ժամանակակից հայ գրականություն, կարդացեք ռուս դասականներին, կարդացեք Հեմինգուեյ։ Այսպես կարող եմ շատ հեղինակներ թվարկել և կրկին ափսոսալ, որ այս պահին շատ ժամանակ չունեմ նոր հեղինակների բացահայտելու և առհասարակ ընթերցանությանը տրամադրելու համար։

Աննա Գզիրյան


© 2009 ARMENPRESS.am