ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

18:17, 16 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն փետրվարի 16-ին հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ներկայացրել է մինչդատական վարույթի վերաբերյալ տարեկան ցուցանիշների հավաքագրման և ամփոփման տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար` հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

 


© 2009 ARMENPRESS.am