Պեկինում մեկնարկեց 2022 թվականի ձմեռային Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը

10:06, 2 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկեց 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը: Հանդիսավոր արարողությունը կայացավ ՉԺՀ-ի մայրաքաղաքի Օլիմպիական պարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոխանցավազքն սկսվել Է տեղական ժամանակով 09:16-ին (Երեւանի ժամանակով 05:16-ին): «Հայտարարում եմ Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի մեկնարկը»,- արարողությանը հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժենը: Համավարակի պատճառով փոխանցավազքի երթուղին եւ տեւողությունն Էապես կրճատվել են: Կորոնավիրուսի տարածման վտանգների կանխման համար փոխանցավազքը տեղի կունենա առանց հանդիսականների: Բացի դրանից, վազքատարածության հատվածները գտնվում են բանուկ փողոցներից եւ շրջաններից հեռու:

Փոխանցավազքը կներառի վազքատարածության 12 հանգուցային հատվածներ օլիմպիական մրցումների անցկացման երեք  կլաստերներում. Պեկինում եւ Չժանցզյակոուում առանձնացված են հնգական գոտիներ օլիմպիական կրակի փոխանցման համար, եւս երկուսը գտնվում են մայրաքաղաքի Յանցզինի շրջանում: Փոխանցավազքի տասնմեկ հատվածները գտնվում են «փակ ցիկլի համակարգի»՝ օլիմպիական «բուշտի»  սահմաններից դուրս, որի ներսում են բնակվում բոլոր օտարերկրյա պատվիրակությունները, այնտեղ են գտնվում մարզական օբյեկտները եւ օլիմպիական ավանները: Ընդհանուր առմամբ փոխանցավազքին կմասնակցեն 14-86 տարեկան շուրջ 1 200 ջահակիրներ:

Բացի դրանից, դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների եւ տարածաշրջանների ներկայացուցիչներ: Պատմության մեջ առաջին անգամ ջահի փոխանցման համար գործի կդրվեն ոչ միայն մարդիկ, այլեւ մեքենաներ. ամֆիբիա-ռոբոտները կրակը ջրի տակով կանցկացնեն Յունդին գետում, իսկ Շոուգանի արդյունաբերական պարկում (ձմեռային Օլիմպիական խաղերի պարկի մի մասը) գործի կդրվեն անվարորդ փոխադրամիջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am