Առողջապահության նախարարը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչող հարցեր

20:33, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին  քննարկել են համագործակցությանն առնչող հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում:

«COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն: Նոր` Օմիկրոն տեսակով պայմանավորված` պետք է անենք հնարավոր առավելագույնը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում նվազագույն ցուցանիշներ ունենալու համար»,- նշել է առողջապահության նախարարը:

«Այս ամենում լուսավոր կետը թերևս քաղած դասերն են»,- արձագանքել է Ջիհանե Թաուիլահը:

Առաքելության ղեկավարը ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքների համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերից մեկին` «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև», որի հիմնական նպատակն է նպաստել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների ներդրմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնմանն ու երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծմանը` բարելավելով Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը: Ծրագրով նախատեսված է Հայաստանում ստեղծել Արագ արձագանքման բժշկական թիմ, որը կհավաստագրվի ԱՀԿ-ի կողմից:

«ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Ջիհանե Թաուիլահը:

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am