Ֆլայ Արնան գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Էնթոնի Փրայսին

10:39, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է Էնթոնի Փրայսի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ընկերությունից, Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում,  որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը:

Նշվում է, որ Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունում վստահ են, որ հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:


© 2009 ARMENPRESS.am