Գեղարքունիքում անցյալ տարի հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա

10:01, 27 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում 2021 թվականի ընթացքում մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համագործակցությամբ քննարկվել են իրավախախտ, կոնֆլիկտային խնդիրներ ունեցող ընտանիքների հարցերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, բաժնի կողմից  հայտնաբերվել եւ հաշվառել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխայի, որոնց տրվել է ծնողազուրկի կարգավիճակ՝ պետության կողմից սահմանված արտոնություններից օգտվելու համար: «Մարզում հաշվառված եւ մուտքագրված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 964 երեխա, 122 երեխայի տրվել են վկայագրեր՝ իրենց կրթությունը շարունակելու ներառական կրթությամբ: Գավառի մանկատանը խնամվում են 56 երեխաներ,  2  երեխաներ մանկատնից վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, հաշվառվել են 15 անչափահաս իրավախախտ երեխաներ: Կենտրոնացված  հաշվառման են վերցվել որպես որդեգրման ենթակա՝ 2, իսկ որպես որդեգրել ցանկացող՝ 5 անձ:  Գեղարքունիքի մարզում հաշվառված է երեք խնամատար ընտանիք, որոնցից երկուսն արդեն իրականացնում են խնամատարություն. ընտանիքներից մեկում խնամվում են երեք, մյուսում՝ չորս երեխաներ»,- ներկայացրեց բաժնի պետը:

Խոսրով Խլղաթյան 


© 2009 ARMENPRESS.am