Ջրականում փրկարարները հայտնաբերել են հայ կամավորականի աճյուն

20:33, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փրկարարները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են 2020 թ. ռազմական գործողությունների մասնակից ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ):

Զինծառայողի աճյունը հայտնաբերվել է 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքների շրջանակում:

Նշվում է, որ զինծառայողը եղել է կամավորական՝ պահեստազորից, սակայն նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

2020 թ. նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am