Նախորդ տարում Գեղարքունիքի մարզում  վարձակալության է տրամադրվել  66.5 հազար հեկտար հողամասեր

15:02, 25 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2021 թվականին վարձակալության է տրամադրվել 66.5 հազար հեկտար համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը:

Գեղարքունիքի մարզում 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված  215.9 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել եւ մուտքագրվել է 195 միլիոն դրամ վարձավճար, որը կազմում է նախատեսված չափի 90.3 տոկոսը: Վարձավճարների մեկնարկային գները սահմանվել են զուտ եկամտի 16-20 տոկոսի չափով:

2021 թվականի ընթացքում մարզի 6 համայնքներում օտարվել է 206 միավոր հողակտոր՝ 128.76 հեկտարի չափով, որի արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել 141.16 միլիոն դրամ, իսկ պետական բյուջե՝ 9 միլիոն դրամ:

18 միավոր հողակտոր օտարվել է սահմանված կադաստրային արժեքի 50-100 տոկոսի գնով, իսկ մնացած 188 միավորը՝ կադաստրային արժեքից 100 տոկոսից բարձր գնով:  

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել բնակավայրերի գլխավոր հատակագծերի եւ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության 23 առաջարկներ: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացվել են 23 դրական եզրակացություններ: Սահմանված կարգով փոխվել են արտադրական օբյեկտների եւ ֆոտովոլտային արևային կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունները:

Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից 65.7 հեկտար հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման արդյունքում կադաստրային արժեքների տարբերություններ են մուծվել 46.7 միլիոն  դրամի չափով:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am