Չոբանյանը խոստանում է նպաստել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը

14:49, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը կարծում է, որ Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չոբանյանը նման կարծիք հայտնեց հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Չոբանյանն ընդգծեց, որ, Միության գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելով, մեծ պատասխանատվություն է զգում ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու առումով։

«Իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել պատերազմի արդյունքներից հետո։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։ Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ, երկար ու հավակնոտ պետք է լինեն։ Մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխնատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ գործընկերներիս հետ միասին մենք իրականացնելու ենք դա և յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- նշեց Չոբանյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են ԱՏՁՄ 2021 թվականի գործունեության արդյունքները:  ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ 2021 թվականին ծավալուն աշխատանքներ են արվել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ: «Կարող ենք նշել, որ ԱՏՁՄ-ն ամենամեծ միությունն է, որը ներկայացնում է գրեթե բոլոր խոշոր ՏՏ կազմակերպությունները Հայաստանում:  Մեր ծրագրերը  միտված են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Եսայանը։ 

[gallery id= 65508]

© 2009 ARMENPRESS.am