Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ջրի սակագնի բարձրացմանը

22:21, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնաճին՝ նշելով, որ այն համաշխարհային խնդիր է և չի վերաբերում միայն Հայաստանին:

«Այնպիսի տպավորություն է, թե միայն Հայաստանում է գնաճը: Այդ երևույթները գլոբալ խնդիր են: Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճ չունի: Այո, գնաճն այսօր գլոբալ խնդիր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանում ջրի սակագնի բարձրացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվում:

«Մենք տեսել ենք, որ այո կարող ենք գինը պահել մինչև 2024 թվականը, սակայն հետո այն շատ էականորեն կբարձրանար: Այս կարգավորմամբ ստեղծել ենք մի իրավիճակ, որ երաշխավորել ենք՝ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար գինը չի փոխվելու: Մյուսների համար գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի: Կարծում եմ, որ լավ լուծում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am