Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում

21:50, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին ձեռնտու է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե ղազախական նախադեպից ելնելով՝ ապագայում ՀՀ որևէ իշխանություն արդյոք կարող է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին՝ վարչապետն ասաց. «Մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Մենք գործնականում ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու մեր պատկերացրած գործիքակազմը: Նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի են ենթարկվել կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ է տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ, Հայաստանում իշխանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, ՀՀ կառավարությունն ուժային ոչ մի գործողություն չի իրականացվել: Ճանապարհներ են փակված եղել, և ճանապարհները բացելու ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Մենք ցույց ենք տվել արդեն ներքաղաքական, ներքին խնդիրները լուծելու մեր գործիքակազմը: Մենք գնացել ենք արտահերթ ընտրությունների: Մեր իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա են եղել»:

Պատասխանելով հարցին, թե 2018 թվականին ինչու ՀԱՊԿ-ը հեղափոխությունը չճնշեց, Փաշինյանը փաստեց, որ 2018 թվականին Հայաստանում բռնության ոչ մի դեպք տեղի չի ունեցել: «Երբ որոշում ենք կայացրել խաղաղապահ առաքելություն ուղարկել, այնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում, կային զոհեր»:

Վարչապետը հիշեցրեց, որ իր կառավարության առաջին օրվանից հայկական կողմի գործունեությունը ՀԱՊԿ-ում ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը:

«Տարօրինակ կլիներ, եթե առաջին անգամ նման իրավիճակ լիներ, և Հայաստանն ասեր, որ դեմ է: Հայաստանին ձեռնտու է, որ ՀԱՊԿ լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: Սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- նշեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը  հստակ արձանագրել է, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինեն ինչ-որ ներքաղաքական գործընթացներում, այլ կարող են զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ: «Հայաստանի զինուժը Ղազախստանում զբաղվել է հացի գործարանի պաշտպանությամբ, և չեմ կարծում, որ դրա մեջ որևէ դատապարտելի բան կա: Հացի գործարանի պահպանությունը որևէ ձևով չի ազդում ներքաղաքական գործընթացի վրա»,- ասաց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am