Փաշինյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության համար

21:35, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նման երկրները պետք է ունենան արտահանման միտված քաղաքականություն, միայն ներքին շուկային հենվելով Հայաստանը չի կարող տնտեսությունը զարգացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք իրականացվում են հետազոտություններ, թե Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ակտիվացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական և գյուղացիական տնտեսությունների վրա, արդյոք թուրքական գյուղատնտեսական արտադրանքը ավելի մրցակցային չէ և հայաստանյան շուկայից դուրս չի մղի հայկական արտադրանքը։

 «Գիտեք, շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու և պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, երբ Հայաստանը լիներ 500 միլիոն բնակչություն ունեցող երկիր, որտեղ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսության շատ մեծ լիցք տալ։ Հայաստանի նման երկրները արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենան, որովհետև եթե ուզում ենք մենք լուրջ տնտեսություն ունենալ, մենք ներքին շուկային հենվելով չենք կարող տնտեսությունը այդ աստիճանի լրջացնել։ Մեզ պետք ենք արտահանման շուկաներ։ Իսկ եթե պոտենցիալ արտահանման շուկաները փակ են, դրանից Հայաստանի Հանրապետությունը չի օգտվի»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ երբ խոսվում է Հայաստան Թուրքիա սահմանների բացման մասին պետք է մտածել տրանզիտային ներուժի մասին և ինչ արդյունքներ դրանք կբերեն երկրի տնտեսությանը։

«Հնարավոր է, որ ինչ-որ մի սեգմենտում այսօր գոյություն ունեցող արտադրանքը իր մրցունակությունը կորցնի, բայց ինչ-որ սեգմենտներ են առաջանալու երկաթուղու և ճանապարհների բացման արդյունքում։ Մենք այսօր խոսում ենք, որ Հայաստանը խնդիր ունի պղնձաձուլարան կառուցելու։ Պղնձաձուլարան կառուցելու համար ինչպիսի՞ մեծ նշանակություն ունեն ճանապարհները, կոմունիկացիաները։ Մենք ուզում ենք Հայաստանում գործարաններ ստեղծենք՝ երկաթուղու և սահմանի բացումը ինչքանով կմեծացնի ներդրումային գրավչությունը։ Մենք երկաթուղային կապ ենք ստանալու Եվրոպայի հետ, իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, եթե այդ կապով հայկական արտադրանքը փորձենք արտահանել Եվրոպա, դա ինքնարժեքի վրա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա։ Իհարկե, հաշվել ենք և ,միանշանակ է, դա կունենա պոզիտիվ ազդեցություն»,- եզրափակեց Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am