Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքը

21:16, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին ու արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները:

«Ավելին, օրինակ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու հավակնություններ չունի: Ըստ էության, այս հայտարարության հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն, Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»,- հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ դիրքորոշումն արտահայտված է կառավարության ծրագրում: «Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները»,- հավելեց նա:

 


© 2009 ARMENPRESS.am