Միգուցե կանխատեսելի էր. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

13:10, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համար ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը ինչ-որ առումով կանխատեսելի է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա՝ Սուքիասյանն ասաց. «Նա, երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները»:

Հարցին, թե անակնկա՞լ էր, արդյոք, նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը, Սուքիասյանը պատասխանեց՝ դրա մասին ինքը չի մտածել, որ հասկանար անակնկա՞լ էր, թե ոչ:

«Միգուցե կանխատեսելի էր»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ նախագահի վրա ճնշումներ են եղել՝ հրաժարական տալու համար, Սուքիասյանը բացառեց նման ճնշումները:

Սուքիասյանը նաև նշեց. «Պետք է հասկանանք՝ ինքը ՀՀ-ի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել»:

Ըստ պատգամավորի՝ պետք է ուսումնասիրել, թե ընդհանրապես ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում: «Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսը ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում ու ինչ աստիճան է սիրում»,- ասաց նա:

Նա նաև շեշտեց՝ ՀՀ քաղաքացիները «այո» են ասել այն Սահմանադրությանը, որով Արմեն Սարգսյանն ընտրվել է նախագահ:

ՀՀ նախագահի հրաժարականի որոշման մասին հայտնի էր դարձել հունվարի 23-ին: Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը կարող է ետ վերցնել հրաժարականի դիմումը, իսկ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:


© 2009 ARMENPRESS.am